Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր պաշտոնը պահպանելու համար Վրաստանին նոր պատերազմի մեջ է ներքաշում։ Օրերս այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջաձեն։

Մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանի՝ Հյուսիսային Կովկասի երկրների խորհրդարաններին արած համագործակցության կոչը, Բուրջանաձեն նշել է, որ այս նախաձեռնությունը «մարտահրավեր է Ռուսաստանին» եւ «Վրաստանը կանգնած է նոր պատերազմի վտանգի առջեւ»։ Շարժման հայտարարության մեջ նշվում է, որ այդպիսի կոչերը կարող են բերել Հյուսիսային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը։ Ընդդիմադիրները կարծում են, որ Վրաստանի խորհրդարանի կոչը սադրիչ բնույթ ունի եւ կարող է ծանր հետեւանքներ ունենալ երկրի համար։

Նինո Բուրջանաձեի թիմակիցները համոզված են, որ Միխայիլ Սահակաշվիլին այսպիսի սադրիչ քայլեր է ձեռնարկում, քանի որ զգում է՝ վտանգված է իշխանության գլխում նրա պաշտոնավարությունը եւ համոզված են, որ վերջինս կարող է Վրաստանին նոր պատերազմի մեջ ներքաշել։