Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ  Մարգար Օհանյանն ամենաշատն ազատությունն է սիրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգար Օհանյանի եղբայրը` Մուշեղ Օհանյանը՝ հավելելով, որ ներման խնդրագրի առումով դեռ տեղեկություններ չունեն:

Դիտարկմանը, թե եթե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի ներման դիմումը մերժվել է, հնարավո՞ր է, Մարգար Օհանյանինն էլ մերժվի, Մուշեղ Օհանյանն արձագանքեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ տեղեկություն չունեմ»:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս: Նա նաեւ ներման խնդրագիր էր փոխանցել Սերժ Սարգսյանի, որը մինչեւ այսօր անարձագանք է մնացել: