Հայաստանի իրավապահ մարմինները արել են հնարավոր ամեն ինչ 2008թ. հետընտրական իրադարձությունների իրական պատկերը վեր հանելու համար: Այդ մասին փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Նրա խոսքով, այդ ուղղությամբ ահռելի աշխատանք է տարվել: Բացի այդ, ինչպես նշել է Հովսեփյանը, դատախազությունը դիմել է տարբեր մասնագետների, օտարերկրյա գործընկերներին, սակայն մեծամասամբ բացասական պատասխան է ստացել: Միեւնույն ժամանակ, գլխավոր դատախազությունը դժգոհել է հանրության կողմից հետաքննությանն աջակցելու անբավարարությունից. «Բողոքներն ու դիմումներն առավել քաղաքական բնույթ են կրում, քան՝ քրեա-իրավական»:

2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ուժով ցրեց ընդդիմության խաղաղ հանրահավաքը, իսկ երեկոյան հրազեն կիրառեց ցուցարարների նկատմամբ: Արդյունքում 10 մարդ զոհվեց, հարյուրավորները վնասվածքներ ստացան: