Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս անցկացնելու մասին: Միջոցառումը, որը կարող է անցկացվել մայիսի վերջին, նախորդ տարվա Ժնեւի հանդիպման շարունակությունը կդառնա, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցությունների ավարտին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Երկու կողմերը հասատատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու սկզբունքին հավատարմությունը եւ հույս հայտնել, որ հակամարտող ուժերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ:

«Մենք ընդունում ենք, որ դա սիրիական կողմերի փոխադարձ համաձայնությունն է պահանջում եւ անպայման կօգտվենք Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ունեցած հնարավորությունից՝ կառավարությանն ու ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու», - ասել է Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Լավրովը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ հատուկ ծառայությունները պայմանավորվել են համագործակցել Սիրիայում քիմիական կամ կենսաբանական զենք կիրառելու մասին հաղորդումների հարցում: «Այսօր պայմանավորվել ենք, եւ դա արձանագրվել է Կրեմլում, որ հատուկ ծառայությունները ավելի սերտ կհամագործակցեն, որպեսզի հստակ հասկանան՝ Սիրիայի այս կամ այն հատվածում քիմիական կամ կենսաբանական զենք կիրառելու մասին հաղորդումների էությունը», - տեղեկացրել է նա, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: