Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը կարծում է, որ զրպարտանքի կամ վիրավորանքի համար մեծ դրամական տույժեր նախատեսող օրինագիծը, որը դրված է ԱԺ օրակարգում, համապատասխանում է միջազգային չափանիշներին, բայց մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանում օրենքների իրավակիրառական պրակտիկայի խնդիր գոյություն ունի:
Հիշեցնենք, որ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ ենթադրող այդ օրինագիծը, շատ փորձագետների գնահատմամբ մահակ է դառնալու պետության ձեռքին, իրեն անցանկալի լրատվամիջոցներից ազատվելու կամ բերանը փակելու համար:
«Սահմանադրական դատարանի մասին օրենքով, կարող ես նայել, եթե իրավակիրառական պրակտիկայում շեղումներ կան` դիմես ՍԴ: Մենք շատ ուշադիր ենք լինելու եւ առաջին իսկ շեղումների դեպքում դիմելու ենք ՍԴ, եթե տեսնենք, որ օրենքը միակողմանի է կիրառվում»,- ասել է Ա. Հարությունյանը:
Այնուհետեւ անդրադառնալով Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի երեկվա հայտարարությանը, թե դատախազությունն ամեն ինչ անում է մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար, բայց հասարակությունը չի օգնում իրենց, ՄԻ Պաշտպանն արձագանքել , որ իրենք էլ են սխալներ գործում աշխատանքի մեջ, բայց հակված են սխալների պատճառը որոնել իրենց, ոչ թե հասարակության մեջ: «Կարծում եմ այդ հարցը իրեն պետք է տաք, թե հասարակությունն ի՞նչ պետք է անի, որ դատախազության գործունեության արդյունավետությունը բարձրանա»,- մի փոքր հեգնանքով նկատել է Ա. Հարությունյանը:



























