Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը հերքում է «Ավիասերվիս» ընկերության տնօրեն նշանակվելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: «Տխմարության գագաթնակետն է»,- ասաց նախկին նախարարը: Նա նշեց, որ շարունակելու է իր աշխատանքը Հայաստանի օլիմպիական կոմիտեում, իսկ տարբեր ընկերություններում աշխատանքի անցնելու խոսակցությունները որակեց անհեթեթություն: «Մարզաշխարհում որտեղ էլ տեսնենք ինձ, չզարմանանք, մարզաշխարհից դուրս` հուսով եմ, որ ոչ: Այս պահի դրությամբ կարող եմ պատասխանել, որ ոչ»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը: Հարցին, թե ձեր պաշտոնանկությունը անակնկալ էր ձեզ համար, նա պատասխանեց. «Իսկ ո՞ւմ համար անակնկալ չէր որ»:
Դիտարկմանը, թե նեղացած եք նախագահից, նա նկատեց, որ նեղացածությունը մարզիկին հարիր պահվածք չէ, ինչ կապ ունի այդ ամեն ինչը: «Ես միշտ կողմ եմ եղել, որ սպորտը ապաքաղաքական լինի, սակայն բազմակետ»,- նշեց նա:
Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է պատկերացնում ՀԱՕԿ-ի եւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետագա աշխատանքը հայտնի հրապարակային քննադատություններից հետո: Նախկին նախարարն ասաց, որ դրանք երկու տարբեր կազմակերպություններ են, նախարարությունը պետական մարմինն է, որը զբաղվում է մասսայական սպորտով, առողջ ապրելակերպով, իսկ ՀԱՕԿ-ը` ազգային ֆեդերացիաների համադասմամբ, օլիմպիական խաղերի պատրաստմամբ, միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից անցկացվող բոլոր միջոցառումների, ինչպես նաեւ միջազգային ֆեդերացիաների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակցությամբ: «Օլիմպիական կոմիտեն իր գործառույթների սահմանում իրականացնելու է բոլոր խնդիրների լուծումը, որը կբերի մեր հայկական սպորտի զարգացմանը, ամրապնդմանը եւ բարգավաճմանը»,- նշեց նա:
Հարցին, թե Յուրի Վարդանյանը ճիշտ մարդ է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում, նա պատասխանեց. «Առանց մեկնաբանության, եւս մեկ անգամ կրկնեմ, Յուրիկ Վարդանյանը լավ մարզիկ է: Մաղթում եմ իրեն լիքը հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք, այն ամենը, ինչ ինքն է մեզ էցանկանում»: Նախկին նախարարը չցանկացավ գնահատել իր աշխատանքը սպորտի նախարարի պաշտոնում: «Ինքս ինձ գնահատել,բարդ բան եք ասում, հոգեբանության խնդիր է»: Դիտարկմանը, թե ազնիվ եղեք ինքներդ ձեր հանդեպ, նա նկատեց, որ ինքը ազնիվ է իր եւ մեր, մարզիկների եւ մարզարշարխհի հանդեպ: «ես բոլորի նկատմամբ էլ ազնիվ եմ, երբեւէ տեսե՞լ եք իմ կողմից որեւէ անազնիվ քայլ»:
Նշենք, որ «Ժամանակի» տեղեկություններով՝ սպորտի եւ երիտասարդության հարցերով ԲՀԿ-ական արդեն նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանն անգործ չի մնա եւ նոր պաշտոն կստանա:
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նրան գործ է տալու: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա ԲՀԿ ղեկավարի օբյեկտներից մեկում կաշխատի որպես տնօրեն:Ի դեպ, Գ. Ծառուկյանն ու Հ. Ռոստոմյանը դեռեւս Երեւանի ավագանու ընտրություններից առաջ գիտեին, որ իշխանությունները սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը ԲՀԿ-ից կվերցնեն, եթե Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չկազմեն: Եվ մոտ երկու ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի միակ ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սնանկանում է, եւ կարծիք կար, որ այն կգնի Գ. Ծառուկյանը, Հ. Ռոստոմյանն իր մերձավոր շրջապատում ասել էր, թե ԲՀԿ ղեկավարն իրեն է նշանակելու որպես այդ ընկերության տնօրեն: Բայց երբ պարզ դարձավ, որ Գ. Ծառուկյանը չի գնելու «Արմավիան», Հ. Ռոստոմյանն իր ընկերներին ասել է, թե իրեն նշանակելու է «Ավիասերվիս» ընկերության տնօրեն»,- գրում է «Ժամանակը»:




























