Արաբական Միացյալ Էմիրությունների «Էյր Արաբիա» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` դեպի ԱՄԷ շաբաթական 2 չվերթ իրականացնելու համար:
Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանը: «Էյր Արաբիան» ներկայացնում է ԱՄԷ-ի Շարժա էմիրությունը, թռիչքները պետք է իրականացվեն դեպի Շարժա, որը Դուբային մոտ է: Ըստ Հ. Միրզոյանի` ներկայում հայտը ուսումնասիրման փուլում է, եւ ամենայն հավանականությամբ` դրական լուծում կունենա:
Ներկայում դեպի ԱՄԷ թռիչքներ իրականացնում է միայն «Ֆլայ Դուբայ» ընկերությունը, շաբաթական` 4 անգամ: Այդ ընկերությունը նույնպես դիմել է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչություն (ՔԱԳՎ)` շաբաթական չվերթների քանակը մինչեւ 7-ի հասցնելու համար: Սակայն, ըստ Հ. Միրզոյանի, ՔԱԳՎ-ն հակված է «Ֆլայ Դուբայի» շաբաթական թռիքչները ավելացնել միայն մեկով` շաբաթական 5 անգամ: «Մենք իրենց ասել ենք` ձեր օդանավները դատարկ են թռչում, 189 տեղանոց օդանավը թռչում է 120-130 հոգի ծանրաբեռնվածությամբ… Մեր ավիացիոն իշխանությունները փորձում են թույլ չտալ, որ որեւէ ուղղությամբ մենաշնորհներ ձեւավորվեն»,- ասաց Հ. Միրզոյանը:
«Ֆլայ Դուբայի» հայաստանյան ներկայացուցիչ Վաչագան Սարկիսովը NEWS.am-ին ասաց, որ թեեւ ներկայում ինքնաթիռները թռչում են ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, սակայն իրենք միտված են Հայաստանի հետ զարգացման ծրագրեր կազմել: Ընկերությունը դեպի Հայաստան թռիչքները սկսել է շաբաթական 2 չվերթով, ու ներկայում հասցրել չորսի: Հաշվի առնելով այդ զարգացումը` ցանկանում են թռիչքները հասցնել շաբաթական 7 անգամի: Դա, նրա կարծիքով, խոչընդոտ չի հանդիսանա այլ ավիաընկերությունների գործունեությանը տվյալ ուղղությամբ, լինեն դրանք հայկական, կամ արաբական:



























