«ՀայՌուսգազարդը» մայիսի 14-ին դիմել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնակչությանը մատակարարվող 1 խոր. մետր գազի սակագինը 132 դրամից 221 դրամ դարձնելու, իսկ կազմակերպություններին` 243 դոլարը 392 դոլար դարձնելու համար:

Գազի սակագնի բարձրացում շատերն էին սպասում, սակայն առաջարկվող բարձրացումը բավական կտրուկ է (մոտ 70%-ով): Հարց է առաջանում` ինչո՞վ է «ՀայՌուսգազարդը» հիմնավորել նման կտրուկ թանկացումը:

Ըստ Հանձնաժողովին ներկայացրած տեղեկանքի` «ՀայՌուսգազարդը» 2013 հուլիսի 1-ից գազը ներկրելու է 1000 խոր. մետրը 113.4 հազ. դրամով, ինչը համարժեք է մոտ 275 դոլարին: Նշենք, որ ըստ մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանը 2013 թ. առաջին եռամսյակում գազը փաստացի ներկրել է 237 դոլարով, իսկ 2012 թ.` 212 դոլարով: Սակայն, պայմանավորված հավանաբար նախընտրական գործընթացներով, կառավարությունը հետաձգել է գազի սակագնի բարձրացումը: Առաջարկվող 70% կտրուկ բարձրացումը ակնհայտորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՀայՌուսգազարդը» վերջին ամիսներին աշխատել է վնասով, ու մասամբ պետք է փոխհատուցել այդ վնասները: Հատկանշական է, որ նույնիսկ գազի գնի բարձրացումից հետո «ՀայՌուսգազարդը» ընդամենը տարեկան 1 մլն դրամ շահույթ է ակնկալում: Այսինքն` գործնականում նույնիսկ թանկացած գազի պարագայում ընկերությունը շահույթ չի ակնկալում:

Սակայն հարկ է նշել, որ «Տրանսգազի» կողմից գազի փոխադրման սակագների բարձրացման հետեւանքով այդ ընկերությանը տարեկան պետք է փոխանցի 136 մլրդ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ «Տրանսգազը» «ՀայՌուսգազարդի» դուստր ընկերությունն է: Հետեւաբար` մտավախություն կա, որ «ՀայՌուսգազարդի» իրական շահույթները կենտրոնանալու են «Տրանսգազում»:

Նշենք, որ «ՀայՌուսգազարդի» շահագործման եւ պահպանման ծախսերը նախատեսվում են մոտ 50 մլրդ դրամ, որից 34 մլրդ դրամը (մոտ 68%-ը) աշխատավարձերն են:

Հավանաբար` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդի» հայտը կբավարարի մասամբ, ու գազը կթանկանա ավելի նվազ չափով: Առավել հավանական է, որ գազի թանկացումը ուժի մեջ կմտնի 2013 թ. հուլիսի 1-ից:

Սամվել Ավագյան