Գտնվելով բարդ աշխարհաքաղաքական ընտրության առջեւ, Հայաստանն ունի մեկ մեծ առավելություն. այն լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Արեւմուտքի հետ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Diplomat.am» կայքի ղեկավար, դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է փորձի օգտագործել այդ լավ հարաբերությունները: «Կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է այնքան ճկուն լինի, որպեսզի կարողանա մանեւրել Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության նախագծի միջեւ: Դիվանագիտական արվեստը բացառում ու մերժում է սեւ ու սպիտակի, «այո»-ի եւ «ոչ»-ի միջեւ ընտրությունը»,-նշեց նա:
Նա կարծիք հայտնեց, որ գուցե գտնվի ոչ ստանդարտ, օրիգինալ որոշումների միջոց, որոնց շնորհիվ հնարավոր լինի մերձեցնել տարբեր բեւեռները: «Հենց դրանում է փոքր պետությունների արժեքը եւ պատահական չէ, որ ասում են, որ որքան հզոր է երկրի ռազմական եւ տնտեսական ներուժը, այնքան թույլ է նրա դիվանագիտությունը»,-ընդգծեց փորձագետը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























