Օնիկ Ալեքսանյանը դարձել է «Զարգացման հայկական բանկի» խոշոր փայատերերից մեկը` 13.996% փայամասնակցությամբ: Այդ մասին նշված է բանկի պաշտոնական կայքէջում:
Նշենք, որ այս անունն առաջին անգամ է հայտնվում բանկի խոշոր բաժնետերերի ցանկում: Ըստ նույն աղբյուրի` բանկի մյուս խոշոր բաժնետերերը պահպանել են իրենց մասնաբաժինները: Այսպես` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասնաբաժինը բանկի կանոնադրական կապիտալում 19.981% է, Արայիկ Մեխակյանինը` 16.950%, Գրիգոր Տերմենջյանինը` 16.029%:
Չի բացառվում, որ Օնիկ Ալեքսանյանը հայտնի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամներից է: Օնիկ Ցոլակի Ալեքսանյանը հայտնի է նրանով, որ 2009 թ. Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 3 տարի ազատազրկման` այդ համայնքի թիվ 8/15 ընտրատեղամասում Երեւանի ավագանու ընտրություններում ընտրակեղծիքների համար (եղել է հանձնաժողովի նախագահ): Սակայն դատարանի դահլիճից ազատ է արձակվել` ՀՀ Ազգային Ժողովի հայտարարած համաներման շնորհիվ:



























