ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում առկա տարբեր կարծիքների բախումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի` ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ հայտարարությանը:
Նշենք, որ ավելի վաղ Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, թե լավ կլիներ, սեպտեմբերից ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հռչակեր: Դրանից հետո, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասել էր. Թե ցանկացած հարց, այդ թվում` պարոն Օսկանյանի առաջ քաշած թեզը, կուսակցությունում քննարկման ենթակա է:
ՀՀԿ մամուլի խոսնակը անդրադարձավ ԲՀԿ ներկայացուցիչների եւ առաջնորդի հայտարարությանը: «Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ձեր նշած երկու պերսոնաները (նկատի ունի Նաիրա Զոհրաբյանին եւ Վարդան Օսկանյանին-NEWS.am) չեն արտահայտում ԲՀԿ կուսակցության պաշտոնական կարծիքը: Իսկ թե ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի, այլընտրանք կլինի, դա արդեն իրենց կուսակցության ներքին խնդիրն է: Անկախ նրանից, թե ԲՀԿ ընդդիմություն կլինի, թե այլընտրանք, մենք լի ենք վճռականությամբ մեր հասարակության հետ միասին լուծելու ենք այն բազմաթիվ հիմնախնդիրները, որոնք ծառացած են ժողովրդի առաջ: Առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչների բոցաշունչ ելույթներ եւ դրանից հետո սառը ցնցուղի նման իրենց ղեկավարի հայտարարությունը, դա իրենց ներքին խնդիրն է, բայց դա ցույց է տալիս, որ ձեր նշած երկու պերսոնաների կարծիքները արդեն որ երրորդ անգամ տրամագծորեն տարբերվում են իրենց ղեկավարի կարծիքից: ԲՀԿ-ն թող կողմնորոշվի, կարեւորը Հանրապետականը վաղուց կողմնորոշվել է»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման ժամանակ ասել էր, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ: Նա նաեւ նշել էր, որ կոալիցիա չեն մտնի, եթե մտնող լինեին, մայիսի 5-ին կմտնեին:



























