Մենք երբեք չենք համարել, որ ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը ընդդիմություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ իրենք ընդամենը խոսել են փաստերի մասին, որ իշխանական մոնոլիտն այլեւս այն մոնոլիտը չէ, ինչ եղել է նախկինում, քանի որ կոալիցիոն գործընկերության մեջ չմտավ Գագիկ Ծառուկյանը, ինչն իրենց համար ողջունելի էր: Լյուդմիլա Սարգսյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը չպաշտպանեց նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին, չշնորհավորեց նրան, չմասնակցեց երդմնակալության արարողությանը.«Դա որոշակի քայլեր էր, որը եթե չենք կարող համարել ընդդիմադիր քայլեր, ապա ամեն դեպքում իշխանական էլ չեն: Հետեւաբար ես կարծում եմ, որ այն, ինչ-որ մենք ակնկալում ենք, առայսօր դա շարունակվում է, որեւէ բան չի փոխվել»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ այդքան հեշտ չէ գործարար մարդու համար հայտարարել, որ ինքն ընդդիմություն է, ի՞նչ կպատահի նրա հետ եւ ի՞նչ վիճակում կհայտնվեն նրա բիզնեսները, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ոչ մեկի ունեցվածքն ապահովագրված չէ: Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ դասական առումով այլընտրանքը նորություն է, քանի որ գիտենք, որ գոյություն ունի իշխանություն, իսկ ով իշխանական համակարգում չի, կոալիցիայի մեջ չէ, չի զբաղեցնում լուրջ պաշտոններ, նա բնականաբար ընդդիմություն է. «Իրենք իշխանություն չլինելով հանդերձ` դեռ ընդդիմություն չեն, որ ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի կողմնորոշվեն վերջիվերջո` որ դաշտում են: Մենք իրատեսական հույսեր ենք ունենում, շատ լավ հասկանում ենք գործարար մարդու իրավիճակը Հայաստանում եւ մեզ գոհացնում է նաեւ, որ ԲՀԿ-ն այլեւս իշխանություն չէ: Ավելին մենք առայսօր չենք ակնկալել, կարծում եմ, այն քայլերը, որը կատարում է ԲՀԿ-ն այսօր, խմբակցությունը շատ դեպքերում աջակցում է ընդդիմությանը, այս պահի դրությամբ դա լրիվ բավարար է, որ մենք համարենք, որ ԲՀԿ-ն ամեն դեպքում քայլեր է կատարում եւ դեպի ընդդիմություն, եւ փորձում է կողմնորոշվել` պահպանելով այն, ինչ մինչ այսօր ձեռք է բերել: Թող այլընտրանք մնա, մեզ հարմար է նաեւ այդպես: Շատ դեպքերում կան ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք, ըստ ինձ, ընդհանրապես չեն տարբերվում իշխանությունից եւ ուրախությամբ իշխանություն կլինեին, եթե այդ հնարավորությունը ունենային»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման ժամանակ ասել էր, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ: Նա նաեւ նշել էր, որ կոալիցիա չեն մտնի, եթե մտնող լինեին, մայիսի 5-ին կմտնեին:



























