ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նորմալ է վերաբերում ՀՀՇ-ն վերածնելու նախաձեռնությանը եւ նախաձեռնողներին հաջողություն է մաղթում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
«Ես նորմալ եմ նայում, դա իրենց իրավունքն է, վերջին հաշվով բոլոր այդ անդամները, որոնք նախաձեռնել են, նախկինում ՀՀՇ անդամներ են եղել, եւ եթե այսօր ՀՀՇ-ն գոյություն չունի որպես քաղաքական միավոր պետռեգիստրում գրանցված, ապա դա իրենց իրավունքն է, եթե ցանկանում են վերականգնել, ես նրանց հաջողություն եմ մաղթում»,- նշեց նա:
Հարցին, թե նորմալ է, որ ՀՀՇ-ն եւ դրա հիմքի վրա ստեղծված ՀԱԿ-ը իրենց իրավահաջորդ են համարում նույն կուսակցության, պատգամավորը նկատեց, որ
ՀԱԿ-ը իրավահաջորդ է ՀՀՇ-ին, բայց ՀՀՇ չէ, Հայ ազգային կոնգրես է:
«Իսկ ՀՀՇ-ն ուզում է իրեն իրավահաջորդ տեսնել գաղափարական առումով, ապա ոչ մեկը չի կարող նրանց արգելել, իսկ գույքային առումով նրանք հայտարարել են, որ իրավահաջորդը չեն եւ դա այդպես էլ կա. Եթե համարում են, որ ՀՀՇ քաղաքական մշակույթի կրող են ուզում դառնալ, գաղափարները կյանքի կոչել, ապա դա նրանց իրավունքն է, ոչ մեկը նրանցից դա չի կարող խլել: Ցավում եմ, որ նրանք ՀԱԿ-ում չեն, եթե ուզում են վերականգնել ՀՀՇ-ն, դա իրենց իրավունքն է, եւ ես այդ գործի մեջ նրանց հաջողություն եմ մաղթում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Նա նշեց, որ իր սիրտը ցավում է, որովհետեւ այդ գործընկերների հետ միասին լուրջ ճանապարհ են անցել թոհուբոհերի միջով են անցել, բայց չի կարող նաեւ մյուսների նկատմամբ սրտացավ վերաբերմունք չունենալ:
Նշենք, որ ՀՀՇ նախկին անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ հպարտանում են 25 տարվա ՀՀՇ-ի քաղաքական գործունեությամբ եւ մտադիր են վերագրանցել կուսակցությունը
Հիշեցնենք, որ ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել առաջարկված որոշմանը, ըստ որի ՀՀՇ-ն միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ վերանվանվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության: Կուսակցության որոշման նախագծի մեջ նշված է, որ այն շարունակում է մնալ Հայոց Համազգային շարժման ամբողջ պատմական ժառանգության տերը, պատասխանատուն եւ ժառանգորդը: Նշվում է, որ վերակազմավորումն իրականացվում է ՀԱԿ ստեղծման նախաձեռնող խմբի ՀՀՇ համագումարին ուղղված առաջարկությունների հիման վրա:




























