Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 14-ին այցելել է Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում է ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում արծարծվել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարեւորվել է այդ գործընթացում Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը:
Անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Նույն օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խմբերի անդմաների հետ ջերմ եւ անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների նախաձեռնությունները եւ ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Տարբեր կուսակցություններ ներկայացնող Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամները վստահեցրել են, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ։
Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, որին ներկա էին Փարիզում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի արտգործնախարարության եւ այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ, ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Նախարար Նալբանդյանը իր ելույթում ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
Երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, հեղինակավոր քաղաքագետների եւ վերլուծաբանների հետ։ Հանդիպմանը տեղի է ունեցել շահագրգիռ եւ հանգամանալից քննարկում միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:




























