Այսօր՝ մայիսի 15-ին, ինքնասպանության փորձ է գրանցվել Վանաձորում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 07.07-ին մի քաղաքացի է դիմել  Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատ եւ հայտնել, որ մի քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր` 54-ամյա Սամվել Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը:

Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Վանաձորի բժշկական կենտրոնից մեր թղթակցին փոխանցեցին, որ Սամվել Հովհաննիսյանը ժամեր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ Սամվել Հովհաննիսյանը նույն այն մարդն է, ով երեկ ծեծի է ենթարկել կնոջը, իսկ ավելի ուշ՝ ժամը 22:00-ին, հրկիզել իրենց տնակը:

Փաստի առթիվ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն: Մեր տեղեկություններով Սամվել Հովհաննիսյանը թե տնակը հրկիզելու ժամանակ եւ թե ինքնասպանություն գործելու պահին եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: