Աբովյանում Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը հրավիրված էր նաեւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք երկուսն էլ, սակայն, ներկա չէին եկեղեցու օծման արարողությանը:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոստիկանապետը հրավիրված էր, բայց զուտ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի կարողացել մասնակցել:

Իսկ «Ժառանգության» խմբակցության ղեկավար, եկեղեցու բացման արարողությանը այդ կուսակցությունից մասնակցած Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարողացել մասնակցել, քանի որ Երեւանում չէր եւ զբաղված էր:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը իր միջոցներով կառուցած եկեղեցու օծման արարողությանը հրավիրել էր երկրի երեք նախագահներին: «Եկեղեցին բոլորինն է, հայ ժողովրդինը: Բոլորի առջեւ դուռը բաց է»,- նշել է Ծառուկյանը եւ հավելել, որ բոլորին հրավեր ուղարկվել է` առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին:  Հարցին, թե որն է պատճառը, որ նրանցից մի քանիսը չկան, Ծառուկյանը պատասխանել է. «Թող իրենք իրենց խղճի առջեւ պատասխան տան, մենք բոլորին հրավիրել ենք»:

Դիտարկմանը, թե այդ քայլով արդյոք ցանկացել է միավորե՞լ բոլորին, Ծառուկյանը նշել է. «Այո, պետք է միավորում լինի, որ հաջողություն ու հաղթանակ լինի»: «Միավորվեն Ձեր առանցքի շո՞ւրջ» հարցին էլ ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Պետք է ընդհանուր միավորում լինի»:

Ի դեպ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարմար չէր գտել մասնակցել Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, նրա ընտանիքը հրավիրված է եղել, բայց մասնակցել է միայն կինը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am