Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել եւ շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ամիսներ ի վեր Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական շուկայի տեղում, երկու տարի առաջ շենքի վերահսկողությանը տիրացած այդ անձը, անպատիժ կեցվածքով, անտեսում է հասարակության վրդովմունքն ու բողոքը:
Գործը հասել է նրան, որ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին մտավորականների կողմից ուղղված դիմումներն անպատասխան են մնում:
Նույն վերաբերմունքին «արժանացավ» Հայաստանի դեմոկրատական կուսակցության` ճարտարապետական հուշարձանի ճակատագրի առնչությամբ ՀՀ ճարտարապետների միության հետ միասին հրավիրված «կլոր սեղանի» հայտարարությունը:
Ստեղծված իրավիճակում գտնում ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իրեն վերապահված լիազորություններով կարող է կասեցնել մշակութային հուշարձանի նկատմամբ կատարվող վանդալիզմը: Սա եւս մեկ փորձաքար է, որով հասարակությունը որոշելու է ՀՀ իշխանության ուժն ու օրենքի առաջ որեւէ մեկին արտոնություն չշնորհելու կարողությունը»:




























