«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն, մայիսի 19-ին, երեկոյան ժամը 19-ին, Հյուսիսային պողոտային կից հրապարակում հանրային միջոցառում կիրականացնի՝ նվիրված  ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան: Նշենք, որ մայիսի երրորդ կիրակին աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:

Այս տարի միջոցառման 30-րդ տարելիցն է, եւ ողջ աշխարհը զանգվածային միջոցառումներ է նախատեսում: ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվա շրջանակներում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» կազմակերպությունը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, համատեղ ծրագրում է անցկացնել միջոցառումներ` մոմավառություն եւ «Քվիլթ» (քառակուսի կտորիկներից կարված ծածկոց), որոնք ուղղված են հանրության, մասնավորապես երիտասարդների, ինչպես նաեւ կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին սեւեռելուն:

Այս ամենը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, հայ աստղերի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներով, տեղեկատվական նյութերի, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրական պատմություններով քարտերի տարածմամբ:

Նշենք, որ այսօր մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող 493 մարդ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում եւ հնարավորություն ունեն ապրել երկարատեւ ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է եւ անհրաժեշտության դեպքում բուժման հետեւողականությունը:

Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 228-ըգրանցվել է 2012թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 1988-2013թթ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք: