Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ մայիսի 15-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության աշխատակիցներին եւ այլ երկրների համանուն ծառայությունների ներկայացուցիչներին` գլխավորությամբ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն է ուղղել Հայաստանի ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներին` ծառայության հաստատման 15-ամյակի կապակցությամբ: Նորին Սրբությունը ողջունել է նաեւ տոնական միջոցառումների առիթով Հայաստան ժամանած այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներին` գոհունակություն հայտնելով երկրների հարկադիր կատարման կառույցների միջեւ ձեւավորված համագործակցության համար: Նա կարեւորել է ծառայության առաքելությունը` երկրում օրինականության հաստատման գործում:
Գարեգին Բ-ն զրույցի մեջ անդրադարձել է նաեւ Հայ Եկեղեցու պատմական առաքելությանը ժողովրդի կյանքում, հասարակության մեջ քրիստոնեական արժեքների առավել ամրապնդման անհրաժեշտությանը:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:




























