«Արմավիա» ընկերությունում շարունակում են փաստաթղթեր հավաքել՝ սնանկության հարցով դատարան դիմելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են ընկերությունում, հավելելով, որ փաստաթղթերի հավաքման որեւէ ժամկետ չկա:

Պարտքերի հետ կապված հարցին «Արմավիայում» խուսափեցին պատասխանել, նշելով, որ հարցը պետք է ուղղել ֆինանսիստներին:

Նշենք, որ ընկերությունը մինչեւ թռիչքների իրականացման վերջին պահը տոմսեր է վաճառել: Սնանկացման գործընթաց սկսելու հայտարարությունից հետո ընկերությունը խոստացել է վերադարձնել տոմսերի արժեքը, սակայն մինչ այժմ դա չի արել:

Հիշեցնենք, որ մարտի վերջին «Արմավիան» տեղեկություն է տարածել, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները եւ սնանկության գործընթաց է սկսում:

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996-ին: 2007-ին ընկերությունն ունեցել է 14 օդանավ: