«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Հովհաննես Շահինյանը չի հավակնում գյուղատնտեսության նախարարի պաշտոնին եւ նման տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, մամուլի ասուլիսում ասաց ինքը՝ Հովհաննես Շահինյանը:
Մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունը, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում ելույթ է ունեցել ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, ուստի հենց նա պետք է պատասխան տա ՕԵԿ-ի ստացած քիչ ձայների համար, Շահինյանը նշեց. «Դրանք մեր թիմի ստացած ձայներն էին, ընդ որում ոչ միայն թիմի, այլեւ մեր քաղաքական ուժի: Մենք աշխատել ենք առավելագույն նվիրումով եւ ստացել ենք որոշակի թվով ձայներ, որոնք համապատասխանում են Երեւանի բնակիչների վստահության մակարդակին»:
Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ՕԵԿ-ը առանձնապես լավ չէր պատրաստվել ընտրություններին, Շահինյանը պատասխանեց, որ հետեւել է բոլոր 7 ուժերի քարոզարշավներին եւ բոլորն էլ լավ պատրաստված էին: «Ընտրությունը քաղաքացունն էր եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է եզրակացություններ անեն ընտրությունների արդյունքներից»,-ասաց նա:
Շահինյանը կարծում է, որ քաղաքական սեզոնն ավարտված է եւ Հայաստանը մտնում է շատ կարեւոր փուլ, երբ կուսակցությունները կսկսեն պատրաստվել 2017-18 թվականների համապետական ընտրություններին: «Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները ավելի բուռն կլինեն եւ քաղաքական ուժերը պետք է վերադասավորեն իրենց ուժերը»,-ամփոփեց նա:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























