Զարհուրելի եւ նողկալի դեպք է, մարդիկ, որոնք գնացել են այդպիսի քայլի, ուրեմն` ամեն ինչի ընդունակ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` անդրադառնալով Պռոշյանի ազատամարտիկների հուշարձանը պղծելուն:
Նա նշեց, որ առաջին անգամ է, որ իրենց մարզում ազատամարտիկների հուշարձան են պղծում, մինչ այդ տարբեր համայնքներում մի քանի անգամ առանձին անձանց գերեզմաններ են պղծել: Մարզպետն ասաց, որ անողները դեռ չեն հայտնաբերվել:
Կոտայքի մարզպետին խնդրեցինք անդրադառնալ նաեւ Սուրբ Հովհաննես ՄԿրտիչ եկեղեցու բացման ժամանակ` բակում բացված մատաղի սեղանի մոտ առաջացած իրարանցմանը, երբ մարդիկ «հարձակվել» էին սեղանների վրա, ոմանք օգտվում էին սեղանի վրա դրված մթերքներից, ոմանք` լցնում պայուսակի մեջ:
Կովալենկո Շահգալդյանը նշեց, որ առաջին անգամ էր նման բան տեսնում, այդ տեսարանը տեսել է ոչ թե տեղում, այլ լրատվամիջոցների տեսանյութերում, վատ զգալով ազդվել է տգեղ իրավիճակից, ամոթի զգացում է ունեցել: «Չեմ կարծում, որ այսօր մեկը կա, որը հացի խիստ կարիք ունի եւ չի կարողանում հաց գնել: Բնավորություն է էլի, այն, որ հարուստի կողմից է սեղան բացված, կարելի է եւ տանել: Կարծում եմ` տեսել եք կարգին հագուկապով կանայք այդպիսի քայլի գնացին, ոչ թե չունենալու, չտեսնելու հանգամանքն է, այլ սովորություն»,- ասաց նա:
Հարցին, թե ձեզ մեղավոր համարում եք այդ տեսարանի համար, նա պատասխանեց, որ իրենց մեղքը, որպես իշխանություն, կա աղքատության մեջ, քանի որ մարզում, երկրում մարդիկ բնակչության դեռեւս 35-40 տոկոս աղքատ են, ինչը մարզպետը կապում է ավելի շատ աշխատատեղեր ունենալու հետ: Կովալենկո Շահգալդյանը վստահ է, որ այդ խնդիրը տարիներ ընթացքում կլուծվի, քանի որ Կառավարությունը իրատեսական ծրագրեր է մշակել եւ կիրականացնի:
Դիտարկմանը, թե այդ նույն մարդկանց մեջ կային նաեւ վատ ապրող, աղքատ անձինք, նա նկատեց, որ ցանկացած երկրում կա շերտավորում` աղքատներ, հարուստներ, միջին խավ: «Զարմանալի չէ, որ կան աղքատներ, իհարկե մեր իշխանության խնդիրն է, որ աղքատության ծավալը նվազեցվի, բայց կա՞ մի երկիր, որտեղ աղքատներ չկա:
Կովալենկո Շահգալդյանը չի կարծում, թե Գագիկ Ծառուկյանը այդ եկեղեցին կառուցելու վրա ծախսած գումարով պետք է ներդրումներ աներ եւ աշխատատեղեր ստեղծեր: Նա նշեց, որ երկրի զարգացման համար պայմաններ կան, որոնք պետք է ապահովել ապագայում եւ ստեղծել աշխատատեղեր, որոնք թույլ կտան արժանապատիվ ապրել: «Իսկ ես ժխտո՞ւմ եմ, որ մեր երկրում բարձր աղքատություն կա, մեր մարզում բարձր աղքատության նիշ կա` 35-40 տոկոս, նույնը Աբովյան քաղաքում, եթե մարդը աշխատանք չունի, բնականաբար հետեւություն արեք դրանից»,-ասաց մարզպետը:
Հիշեցնենք, որ Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը հավաքված ժողովուրդը հետեւում էր պատնեշներից այն կողմ: Օծման արարողության ավարտից հետո, երբ պաշտոնյաները հեռացել էին, այդ երկաթե ձողերը բացվել են, ժողովուրդը կարողացել է մտնել ներս:
Եկեղեցու բակում «մատաղի սեղան» էր բացված: Օծման արարողությունից հետո Գագիկ Ծառուկյանը հոգեւորականների ուղեկցությամբ իջել է եկեղեցու բակ, մոտեցել այդ սեղանին, որի դիմաց` պատնեշից այն կողմ, հավաքված էր ժողովրդի հոծ բազմություն: Գագիկ Ծառուկյանը, տեսնելով նրանց, ասաց. «Բացեք, բացեք, թող մարդիկ գան»:
Դրանից հետո պատնեշները բացվել են, եւ սկսվել է իսկական «քաոսը», մարդիկ իրար հրշմտելով, միմյանց գլխի վրա թռնելով հասել են սեղանի մոտ, ոմանք օգտվում էին, իսկ ոմանք` սեղանին դրված մթերքները լցնում պայուսակի մեջ:




























