«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի` «ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ» հայտարարությանը:
««Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ արած ձեւակերպումը ԲՀԿ-ի քաղաքական կարգավիճակի մասին, տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ ուղղորդված, խեղաթյուրված հետեւությունների առիթ է հանդիսացել: Ակնհայտ է նաեւ Գագիկ Ծառուկյանի՝ համատեքստից կտրված խոսքի վրա ոմանց համար ցանկալի սցենարների կառուցումը: Բոլոր տեսակի տարըմբռումներին եւ տարօրինակ մեկնաբանություններին վերջ տալու նպատակով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին ԲՀԿ ղեկավարը չի զլանա եւ մեկ անգամ եւս բոլոր հարցերին անձամբ կտա սպառիչ պատասխաններ: Այնպես որ խորհուրդ կտամ ոմանց՝ ժամանակից շուտ հետեւություններ չանել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման ժամանակ ասել էր, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ: Նա նաեւ նշել էր, որ կոալիցիա չեն մտնի, եթե մտնող լինեին, մայիսի 5-ին կմտնեին:
Իսկ ավելի վաղ Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, թե լավ կլիներ, սեպտեմբերից ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հռչակեր: Դրանից հետո, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասել էր. Թե ցանկացած հարց, այդ թվում` պարոն Օսկանյանի առաջ քաշած թեզը, կուսակցությունում քննարկման ենթակա է:




























