Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կլիմայի փոփոխության միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Մայիսի 15-ը կլիմայի փոփոխության միջազգային օրն է: Տարբեր ժամանակաշրջանների համար Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանի եւ տեղումների քանակի փոփոխությունների գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում նկատվել է ջերմաստիճանի զգալի աճ:
Ժամանակակից գիտությունը չի տալիս հստակ պատասխաններ ջերմաստիճանի շարունակական բարձրացման դեպքում կլիմայի ավելի կտրուկ եւ աղետալի փոփոխությունների հնարավորությունների եւ ժամկետների վերաբերյալ, սակայն կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմման պատշաճ գործողությունների արդյունքում էապես կնվազեն հարմարվողականության գործընթացին ուղղված միջոցառումները:
Հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը Հայաստանի համար հանդիսանում է գերակա խնդիր լեռնային էկոհամակարգերի եւ գյուղատնտեսության, հիդրոէներգետիկայի խոցելիության առումով:
Սա համամարդկային խնդիր է, որի անդրադարձները մենք տեսնում ենք այսօր եւ առերեսվելու ենք ապագայում եւ դրա համար ամեն ջանք պետք է գործադրենք մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները»:




























