Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է գազի գնի բարձրացման մասին «ՀայՌուսգազարդի» հայտը քննարկել որոշակի կարգով եւ ժամկետներով:
Ըստ կարգի՝ նախ հանձնաժողովը պարտավոր է ստուգել «ՀայՌուսգազարդի» ներկայացրած փաստաթղթերի ճշտությունը: Դրա համար սահմանված է առավելագույնը 10 աշխատանքային օր: Այսինքն՝ հանձնաժողովը մինչ մայիսի 29-ը պետք է պատասխան տա՝ ընդունո՞ւմ է «ՀայՌուսգազարդի» հայտը քննարկման, թե՞ոչ: Եթե փաստաթղթերը ամբողջական չլինեն, նրանցում առկա լինեն անճշտություններ ու անհամապատասխանություններ, ապա Հանձնաժողովը հայտը պարզապես չպետք է քննարկի:
Եթե ստուգման արդյունքներով հայտում խախտումներ չհայտնաբերվեն, ապա հանձնաժողովը պարտավոր է որոշում ընդունել 90 օրվա ընթացքում: Այսինքն՝ հանձնաժողովը, ցանկության դեպքում, մինչեւ օգոստոսի վերջ կարող է ձգձգել սակագնի վերանայման հարցը: Հավանական է, որ գազի սակագինը բարձրացվի սեպտեմբերի 1-ից, թեեւ «ՀայՌուսգազարդն» ակնկալում է փոփոխություն հուլիսի 1-ից:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «ՀայՌուսգազարդը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի սակագնի վերանայման համար: Առաջարկվում է ամսական մինչեւ 10 հազ.խոր. մետր գազասպառողների համար գազի սակագինը սահմանել 221 դրամ՝ յուրաքանչյուր խոր. նետրի համար, ներկայիս 132 դրամի փոխարեն:




























