«Հոգեկան առողջության վերականգման ասոցիացիա»-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է հոգեկան խնդիր ունեցող անձանց համար դեղորայքի ծագման ու ձեռք բերման խնդրին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2005 թվականից հոգեկան խնդիր ունեցող անձանց հնարավորություն է ընձեռնվել ստանալ նոր սերնդի բարձր արդյունավետություն ունեցող դեղ՝ «Զիպրեքսա», որը գնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից եւ հիվանդներին տրվել է անվճար: 2010 թվ.-ից սկսվեցին դեղորայքի հաճախակի ընդհատումներ:
«Հոգեկան առողջության վերականգման ասոցիացիա»-ի շնորհիվ խնդիրը ստանում էր դրական լուծում եւ հիվանդները շարունակում էին ստանալ Զիպրեքսա:
Շնորհիվ այդ դեղորայքի՝ բազմաթիվ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն ունեցան շարունակել ուսումը, կրթությունը, աշխատանքը, ամուսնացան եւ ինտեգրվեցին հասարակություն: Կարեւոր է նաեւ, որ ԱՆ-ն ներկայիս պահին ունի հնարավորության որեւէ այլ երկրում նախադեպը չունեցող ցածր գնով ձեռք բերել «Զիպրեքսա» դեղը:
Սակայն մայիսի 7-ին ԱՆ-ի 2-րդ կիսամյակի համար կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Վագա Ֆարմ» ՍՊԸ-ն, որի տնօրենը հարկ չհամարեց բացատրություն տալ նոր ներկրվող դեղորայքի ծագման եւ որակի վերաբերյալ՝ կոպիտ ձեւով ուղղորդելով ԱՆ: Սակայն յուրաքանչուր անձի իրավունքն է՝ իմանալու, թե ինչ որակի դեղ է ինքը ստանալու:
Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք եւ նրանց հարազատները՝ ի դեմս մեր հասարակական կազմակերպության, նամակով դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ԱՆ նախարարին: Մենք շարունակելու ենք պայքարելը մինչեւ հարցի դրական լուծումը:
Ունենք տեղեկություն, որ դեղորայքի հումքը ունի հնդկական ծագում, որեւէ օգտագործման փորձ չունի ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում, անգամ Հնդկաստանում: Անհրաժեշտության դեպքում կտրամադրենք լրացուցիչ տեղեկություն»:




























