Կարեւոր չէ, քաղաքական ուժը ընդդիմությունն է ներկայացնում, թե՝ իշխանությունը, կարեւորն այն է, թե սպասարկո՞ւմ է այն իր ընտրողների շահերը, թե՝ ոչ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ:
Փորձագետի համոզմամբ՝ ընտրությունների ժամանակ մարդիկ չեն առաջնորդվում սկզբունքով՝ այդ ուժն ընդդիմություն է, թե՝ իշխանություն: «Գագիկ Ծառուկյանի հայտարարությունում ոչ մի նոր բան չկար: Նույնիսկ Ազգային ժողովում ԲՀԿ-ն հայտարարել է, որ այլընտրանքային ուժ է, ոչ թե՝ ընդդիմություն»,-ասաց Բադալյանը:
Նա ընդգծեց, որ նշանակություն չունի, կուսակցությունն իրեն ընդդիմություն է հռչակում, թե՝ իշխանություն: «Գլխավորն այն է, որպեսզի քաղաքական ուժերը նորմալ աշխատեն: Հայաստանում մենք շատ ընդդիմադիր գործիչների են տեսել, որոնք ներկայումս գտնվում են ՀՀԿ պատգամավորների շարքերում»,-հիշեցրեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ կարեւորը ոչ թե հայտարարություններն են այլ՝ գործերը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, Աբովյան քաղաքում եկեղեցու բացման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ:




























