Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է իր պաշտոնանկությունը եւ նոր պաշտոն ստանձնելը:
Նա նորմալ եւ բնական է համարում իր պաշտոնավարումը չշարունակելը, նշելով, որ կառավարությունը իր լիազորությունները ավարտեց, եւ ինքը միշտ մտքում ուներ այդ տարբերակը, որ նոր կառավարությունում կարող է չլինի: Պաշտոնանկության մասին նախկին նախարարը իմացել է այդ տեղեկատվության պաշտոնական հրապարակումից մի քանի օր առաջ, սովորական է վերաբերել դրան, «որովհետեւ պետական ծառայությունը մնում է պետական ծառայություն եւ մարդը պետք է բոլոր սցենարներին էլ պատրաստ լինի ամեն ինչով` հոգեբանորեն եւ այլն, այդ առումով ամեն ինչը բնականոն եւ նորմալ է համարում»: «Բնական է, որովհետեւ մարդը պարբերաբար պետք է գործունեության ոլորտը փոխի, որ չլճանա, եթե երկար մնում ես մի պաշտոնում, սկսում ես լճանալ: Այս կառավարությունը ավարտեց իր լիազորությունները, ուղղակի նոր կառավարության մեջ ինձ չհրավիրեցին, ոչ մի նեղացածության խնդիր չկա, շատ լավ, նորմալ է ամեն ինչ, շնորհակալ եմ, որ ինձ բավականին բարձր պաշտոններ վստահեցին, եւ հիմա եւս պատասխանատու եւ ավելի հանգիստ գործ է նախատեսվում»,- ասաց Տիգրան Դավթյանը: Իսկ թե ինչով է պայմանավորված իր փոփոխությունը, նա նշեց, որ այդ հարցը իրեն չպետք է տալ, այն չի քննարկվել, «բայց ենթադրաբար նոր կառավարությունում ինչ-որ փոփոխությունների պետք է լինեին, ռոտացիոն փոփոխությունները նորմալ են նայվում»: Դիտարկմանը, թե գուցե պատճառը իր աշխատանքից դժգոհությունն է, նա նկատեց, որ համենայն դեպս անձամբ որեւէ ակնարկ չի նկատել:
Իր պաշտոնավարումը չշարունակելու լուրը իմանալուց հետո, մինչ այն պաշտոնապես տարածվելը, նախարարը այդ մասին հայտնել է ընտանիքին,
Նրանք այն ընդունել են որպես հերթական աշխատանքային փուլ, երեխաները, ընկերները, բարեկամները ուրախացել են, քանի որ ավելի հաճախ կտեսնեն իրեն, բայց մտահոգվել են Ժնեւ տեղափոխվելու եւ այնտեղ ապրելու համար, ինչպես նաեւ այն պատճառով, որ երկար ժամանակով կբացակայեն Հայաստանից: Նա նշեց, որ այժմ իրեն շատ լավ է իրեն զգում, հանգստանում է, վաղուց այսպիսի զգացողություններ չի ունեցել:
Տիգրան Դավթյանն ասաց, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հեռանում է հանգիստ խղճով եւ շատ ուրախ է, որ իրեն կփոխարինի Վահրամ Ավանեսյանը, ում ճանաչում է 1978թ, իրար հետ սովորել են, նույն մասնագիտություն ունեն եւ կարծում է, որ նա կապահովի շարունակությունը, կկարողանա եղածին ավելացնել: Տիգրան Դավթյանը վստահեցրեց, որ Էկոնոմիկայի ներկա նախարարի հետ լավ հարաբերությունների մեջ է, արդեն որոշ խորհուրդներ տվել է, եւ ապագայում էլ պատրաստ է աջակցել: «Համակարգը վերանորոգված հանձնեցի, էկոնոմիկայի նախարարությունը ձեւավորված, կայուն համակարգը է, ինչպես վերանորոգված մեքենան, որը մնում է խոդի տաս եւ քշես»,- նկատեց նա:
Տիգրան Դավթյանը նշեց նաեւ, որ «կոլեկտիվը մի քիչ հուզված էր իր գնալու հետ կապված, երեւի` իրենից մի քիչ ավելի շատ եւ երբ հավաքվեցին նշելու իր գնալը եւ նոր նախարարի գալը, նրանց ասաց, որ նախ Լուսին չի թռչում, մնում է համակարգի մեջ ֆորմալ առումով, պարզապես աշխատանքը փոխվում է, մի քիչ դրսում է աշխատելու»:
Ի դեպ, նախկին նախարարը ծրագրում է հունիսի վերջին-հուլիսի սկզբին մեկնել Ժնեւ, որտեղ կաշխատի որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ: Տիգրան Դավթյանը պատմեց, որ քաղաքական ղեկավարության կողմից առաջարկ է եղել ստանձնել այդ պաշտոնը, ինքն էլ համաձայնել է: Հարցին, թե որ պաշտոնն է ավելի լավ, Տիգրան Դավթյանը պատասխանեց. որ դեռ չգիտի, գնա աշխատի, մեկ տարի հետո կհամեմատի: «Ավելի հանգիստ է աշխատանքի տեսանկյունից, վերջին 5 տարին շատ ծանր էր, Եվրոպայում աշխատելը ավելի հանդարտ տեմպ է, այդ առումով ավելի հանգիստ կլինի»,- նշեց նա: Նախկին նախարարը Ժնեւ պետք է մեկնի ընտանիքով, ինչը մի քիչ իր 17-ամյա դստեր սրտով չէ, տրամադրված չէ գնալու, քանի որ պետք է թողնի համալսարանը, ընկերուհիներին եւ այլն:
Տիգրան Դավթյանն ասաց, որ այնտեղի աշխատանքն այնպիսին է, որ չի կարողանա գալ եւ գնալ, պետք է ապրի Ժնեւում, քանի որ համարվելու է մշտական ներկայացուցիչ, ընթացիկ աշխատանքներ են լինելու: Նախարարը խոստացավ տարվա մեջ 2-3 անգամ գալ Հայաստան: «Ես Երեւանից չեմ աքսորվում, տուրիստական չեմ գնում, գնում եմ աշխատելու, չգիտեմ ինչպես կստացվի, բայց հաճախ գնալու եմ, գալու եմ, կապված եմ լինելու Երեւանում: Երեւանի ամեն ինչն էլ կարոտելու եմ»: Նա խոստովանեց,, որ կարոտելու է Երեւանը, երեւանցիներին, քանի որ Հայաստանի մայրաքաղաքը համարում է ամենալավը: Նախկին նախարարը նշեց նաեւ, որ շատ կկարոտի նաեւ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության շենքերը, որտեղ ավելի քան 10 տարիներ է անցկացրել` զբաղեցնելով ամենատարբեր պաշտոններ: Դիտարկմանը, թե փաստորեն նախկին նախարարն արտագաղթում է Հայաստանից, Տիգրան Դավթյանը նկատեց` «ժամանակավորապես գնում եմ աշխատանքի, հայերը շատ մոբիլ են, գնալ գալը նորմալ երեւույթ է»:
Ինգա Մարտինյան




























