NEWS.am-ին հաջողվել է նոր մանրամասներ պարզել մայիսի 11-ին տնից դուրս եկած եւ մայիսի 14-ին հայտնաբերված 18-ամյա Արմեն Մուրադյանի մասին:

Մեր տեղեկություններով` երիտասարդը ծնվել եւ ապրում է Արարատի մարզի Գետափնյա գյուղում: Ընտանիքում երկու եղբայր են, եղբայրն իրենից մեծ է 2-3 տարով: Երիտասարդը ապրում է մոր, եղբոր, տատի, պապի հետ, հայրը 2 տարի առաջ մեկնել էր Ռուսաստան` արտագնա աշխատանքի, սակայն որդու տնից անհետանալու դեպքը իմանալուն պես անմիջապես վերադարձել է:

Համագյուղացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ Մուրադյանների ընտանիքը հաշտ, խաղաղ ընտանիք է, երբեւէ որեւէ խնդիր չի եղել, սոցիալական վիճակը եւս նորմալ է: «Նորմալ, խելոք, անշառ երեխա է, խեղճ երեխա է, հանգիստ, ոչ մի վատ բան չենք լսել եւ չենք տեսել իրենից»,- հայտնեցին գյուղացիները:

Գյուղացիները նաեւ պատմեցին, որ տղան հայտնաբերվել է Դիլիջանում, զանգել է եղբորը, ասել է իր տեղը եւ գնացել են նրան բերել տուն: Ասում են, թե երիտասարդը, տուն մտնելով, ասել է, թե «թե ինձ հարցեր չտաք, ոչ մի բան չեմ կարող պատասխանել»:

Ավելի ուշ մեզ հաջողվեց զրուցել Արմենի հոր` Արտյոմի հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց  ինչպես որդու` երակները կտրելու մասին, այնպես էլ նրան առեւանգելու լուրերը: Հայրը նշեց, որ երեխայի վիճակը շատ լավ է եւ խնդրեց այլեւս չանդրադառնալ այդ թեմային: «Եթե երեխան գնում է հանգստանալու, իր քեֆին ման գալու, ո՞նց կարող է լինել, ո՞նց եք պատկերացնում»,- նշեց նա: Հարցին, թե դուք չգիտեի՞ք, որ ձեր որդին գնացել է ման գալու եւ հանգստանալու մինչ ոստիկանություն դիմելը եւ հայտարարություն տարածելը, հայրը պատասխանեց. «Բոլորս էլ եղել ենք երիտասարդ, կա, որ սխալվել ենք ու չենք մտածում մեր արած քայլերի հետեւանքների մասին: Դե հիմա երեխա է ,սխալ քայլ է արել, վեր է կացել գնացել, չի զգուշացրել, մտածել է, որ մի քանի օր ման գամ, ինչ կա դրա մեջ, ընկերների, ընկերուհիների հետ գնացել են հանգստանալու, ի՞նչ կա դրա մեջ»,- ասաց Արտյոմը:

Դիտարկմանը, թե երեխան շատ գումար էր ծախսել, վախեցե՞լ էր վերադառնալ, նա նկատեց, որ «երեխան մնում է երեխա, մնում է իրենց հսկողության տակ, ամեն ինչ նորմալ է, եւ Տա Աստված `ոչ մեկի երեխայի հետ նման բան չլինի»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում երիտասարդի կորելու մասին:  Մասնավորապես, տան մոտ հավաքված ընկերներից մեկը «Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ ամբողջ ճանապարհին Արմենը չի խոսել, շոկի մեջ է եղել. «Խոսքը կցկտուր էր, անհասկանալի, միայն իր մորն ու հորն էր ուզում»: «Իսկ ահա, ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն էլ փոխանցել են, որ հաստատ Արմենը զվարճանքի համար չէր գնացել, որ նրան, ըստ էության, առեւանգել էին»,- գրել էր «Ժամանակը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երիտասարդը  դուրս է եկել տնից  մայիսի 11-ի առավոտյան: Վերջին անգամ նրան տեսել էին Շրջանայինում՝ նույն օրը առավոտյան 10-ի սահմաններում:

Ոստիկանությունից հայտնել էին, որ եղբայրը դիմել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին, ձեռնարկվում էին համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Մայիսի 14-ին նա հայտնաբերվել էր: