Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ մայիսի 16-ին բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ կառավարության շենքի առջեւ՝ բողոքելով գազի սակագնի կտրուկ բարձրացման դեմ (ֆոտոռեպորտաժ): Ակցիային մասնակցեցին նաեւ ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Արմեն Ռուստամյանը, «Բարեւ Երեւան» դաշինքից՝ Գագիկ Բաղդասարյանը, Արմեն Պողոսյանը եւ Արթուր Իսպիրյանը:
Ակցիայի մասնակիցներից ելույթ ունեցավ բնապահպան ակտիվիստ Մերի Խաչատրյանը՝ ասելով, որ անթույլատրելի են համարում գազի սակագնի թանկացումը, քանի որ դա կհանգեցնի կյանքի թանկացմանը: Կառավարության շենքի առջեւ այս պահին տեղի է ունենում ստորագրահավաք՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հանձնելու համար, պատճենն ուղարկվելու է ՀՀ կառավարություն եւ Նախագահի աշխատակազմ:
Ցուցարարներին հանդիպեց ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ ասելով, որ ցուցարարների պահանջները համընկնում են կառավարության ցանկություններին:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ գազի սակագնի թանկացումն անթույլատրելի է, հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի առանձնահատուկ սերտ, ինտեգրման բարձր աստիճանի հարաբերությունները: Նրա կարծիքով՝ եթե Հ իշխանությունները չեն կարողանում ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները կարգավորել այնպես, որ գազը չթանկացնեն, ուրեմն անելիք չունեն: Որպես պատասխան քայլ՝ Ա. Մինասյանն առաջարկեց ազգայնացնել «ՀայՌուսգազարդը»:
ՀՀ սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ հայտարարեց, որ գազի գնի բարձրացումը կխարխլի Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր, օրինակ՝ ցեմենտի արտադրությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























