«Սպայկա» ընկերության հրդեհը մարելու մեկնած հրշեջները ձեռնամուխ են եղել ճակատային պատի քանդմանը՝ կրակին ուղղակի մուտք ունենալու համար (ֆոտոռեպորտաժ): Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ մայիսի 16-ին հայտնեց ԱԻՆ փրկարարական ծառայության պատասխանատու, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

Ըստ նրա՝ այս պահին առավելագույն միջոցներ են գործադրվում կրակը մարելու համար, աշխատանքներ են տարվում շինության գրեթե ամբողջ շրջագծով:

Դեպքի վայր 26 միավոր հատուկ տեխնիկա է ուղարկվել:  Բացի դրանից, գործի են դրվել Երեւանի քաղաքապետարանին պատկանող ջրատար մեքենաները, որոնք ապահովում են անխափան ջրամատակարարումը: Հրշեջները մտադիր են պայթեցումներ կատարել այրվող շինության պատուհանները բացելու համար: Հրդեհի պատճառն առայժմ պարզ չէ, այդ հարցի պատասխանը կտրվի  հետաքննություն անցկացնելուց հետո», - ասաց Եմիշյանը:

Անդրադառնալով տուժած հրշեջի դրությանը՝ Եմիշյանը նշեց, որ նրա կոճն է վնասվել, գիպս է դրվել, կյանքին ոչինչ չի սպառնում:

Հրդեհի վայր է մեկնել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: ԱԻՆ-ի տվյալով՝ հրդեհի մակերեսը 4500 քմ է, այրվում են շենքի երեկ հարկերը: Հրդեհը բարդության երրորդ աստիճանի է:

Քաղաքի բոլոր ծայրերից տեսանելի է ծխի խիտ սյունը: Հրդեհը բռնկվել էր մայիսի 15-ի լույս 16-ի կեսգիշերի սահմաններում: «Սպայկա» ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am