Մայիսի 14–18–ին պաշտոնական այցով Հայաստանում է Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Գերմանիայում ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռոբերտ Հուբերը եւ գերմանացի ձեռնարկատերեր։
Մայիսի 15-ի ուշ երեկոյան պատվիրակությունը այցելել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատ՝ Հայաստանի հետ տնտեսական գործակցությունը առավել ակտիվացնելու ակնկալությամբ։ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը հյուրերին ներկայացրել է Հայաստան-Գերմանիա ապրանքաշրջանառության ներկա մակարդակն ու ներքին պոտենցիալը, ինչի արդյունավետ իրականացմամբ արտահանման եւ ներկրման հարաբերակցությունը զգալիորեն կփոխվի։ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխենշմիդտը, Գերմանիայի տնտեսական արեւելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդերը, Գերմանիայում ՀՀ ԱԱՊ ներկայացուցիչ Ռոբերտ Հուբերը եւ «Քրոնիմետ» ընկերության գործադիր տնօրեն, Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունտեր Պիլարսկին միանշանակ փաստել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել տնտեսական կապերը հատկապես Հայաստանի մարզերում եւ որպես համագործակցության կոնկրետ ոլորտ նշել գյուղատնտեսական մեքենաների համատեղ արտադրությունը։ Մինի տրակտորներ արտադրող հայաստանյան «ՉԻՆ–ՎԱՆ» ընկերության նախագահ Սամվել Նաջարյանը համատեղ աշխատելու գործնական առաջարկ է արել՝ ներկայացնելով տվյալ ոլորտի զարգացման հեռանկարները։ Երկուստեք նշել են պարբերաբար հանդիպումների եւ կոնկրետ առաջարկություններ անելու անհրաժեշտությունը։




























