Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության շենքի առաջ գազի գնի բարձրացումից բողոքող քաղաքացիները երթով հասել են մինչեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը։
Վերջինս ասել է, թե 90-օրյա ժամկետում պետք է քննարկեն գազի սակագնի թանկացման դիմումը եւ կայացնեն որոշում, առայժմ գազի գնի բարձրացման հետ կապված հստակ որեւէ որոշում դեռ չեն կայացրել։
Ցուցարարները հանդիպեցին նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ։ Վերջինս ասաց, որ գազի գնի բարձրացման հայտ է ստացվել, բայց բարձրացման չափը որոշվելու է քննարկման արդյունքում:
ՀԾԿՀ հանձնաժողովի նախագահը նշեց, որ գազի գինը բարձրանալու է, դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ սահմանի վրա ռուսական կողմն այն բարձրացրել է՝ 180 դոլարի փոխարեն 270 դոլար դարձնելով:
Այդտեղից ակցիայի մասնակիցները պետք է շարժվեն Բաղրամյան փողոցում գտնվող Նախագահական նստավայր։
Նշենք, որ տասնյակ քաղաքացիներին միացել են պատգամավորներ «Ժառանգություն», ՀՅԴ խմբակցությունից, ներկա են նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքից ընտրված ավագանու անդամներ, բնապահպաններ, ակտիվիստներ։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























