Հայաստանի Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված 4 անձինք այժմ ազատության մեջ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով` նրանց բոլորի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, փոխվել է, եւ այժմ նրանք ազատության մեջ են: Նրանք շարունակում են մնալ մեղադրյալ, իսկ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Մասնավորապես, ազատ են արձակվել «Ա.Օհանջանյան» ՍՊԸ տնօրեն Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանը, N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ), N զորամասի հրամանատարը (կոչումով փոխգնդապետ) եւ նրա նյութատեխնիկական գծով տեղակալը: Իսկ ավելի վաղ ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրվել նաեւ նույն զորամասի պահեստարանի պետին:
Մեր տեղեկություններով` գործի քննությունը շարունակվում է, ոչ մի կալանավորված չկա, վերոնշյալ 5 անձինք էլ գործի շրջանակներում մեղադրյալներ են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Վերջինս սրտի կաթված է տարել եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժում էր ստանում: Դրանից հետո գործի շրջանակններում կալանավորվեցին եւս երեք անձինք: Մեղադրյալների թիվը 5 էր, նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:




























