Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանի կյանքին դեռեւս վտանգ է սպառնում: ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վիրահատել են նրա գլուխը, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:
Դեպքի հետեւանքով մահացած 20-ամյա Լյուքս Ստեփանյանը արդեն մեկ տարվա զինծառայող էր, մեկ տարուց պետք է վերադառնար հայրենի գյուղ` Վերին Գետաշեն:
Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտանիքում երկու եղբայր են, մեծը բանակից գալուց հետո ամուսնացել է, իսկ Լյուքսը դպրոցն ավարտելուց հետո բանակ է գնացել: Զինվորի ծնողները, գյուղապետի բնութագրմամբ, հասարակ գյուղացիներ են, զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, իսկ երիտասարդն էլ «շատ խելացի, հանգիստ տղա էր»: Նրա հայրը տարիներ շարունակ գտնվել է արտագնա աշխատանքի մեջ, սակայն վերջին տարիներին վերադարձել է եւ գտնվում է գյուղում: Ռուբիկ Ղուկասյանը նշեց, որ Լյուքսի հայրը, ով իր ընկերն է, միշտ ուրախությամբ ասում էր, թե երեխան գոհ է ծառայությունից, որեւէ դժգոհություն չունի, ամեն ինչ նորմալ է, եւ շուտով պետք է արձակուրդ գար:
Գյուղապետն ասաց, որ դեպքի մասին ծնողներին ինքն է հայտնել, նրանք շոկի մեջ են: Ընտանիքը եւս դեպքի մասին մանրամասների չի տիրապետում: «Սովորական ջահելների խոսակցություն է եղել, հերթապահության ժամանակ է եղել, երբ զենքը մոտն էր, էս էլ դրել ու խփել է երկուսին: Իբր կատակ են արել, հետո վերածվել է բանավեճի, բայց թե ինչի մասին է եղել, չգիտեմ, չեն ասում»,- պատմեց գյուղապետը:
Մեր տեղեկություններով` երկու զինծառայողներին կրակած եւ ձերբակալված ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանին կկալանավորեն:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ.Խաչատրյանը ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























