Երեկ կառավարության շենքի հետնամուտքի մոտ, որտեղ նախարարների շքեղագույն մեքենաներն էին կայանած եւ սպասում էին իրենց «տերերին», 76-ամյա Ալբերտ Ավետիսյանը պահակ էր կանգնել ու սպասում էր բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի օգնություն խնդրի հիվանդ ու Արցախյան պատերազմի հերոս որդու համար։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.
«76-ամյա Ալբերտը եւս պատերազմի մասնակից է, եւ, ինչպես ինքն ասաց, իրեն էլ, մեղմ ասած, տհաճ է դռնեդուռ ընկնել, օգնություն մուրալ, բայց որդու փրկության համար ցանկացած քայլի է պատրաստ։
Ալբերտ Ավետիսյանի որդին կոկորդի քաղցկեղ ունի, եւ արդեն 1 տարի է՝ բոլոր գերատեսչություններին դիմել է օգնության համար։ «Որտեղ դիմում եմ, նամակը տանում՝ գցում են զիբիլը ու ոչ մի պատասխան չեն տալիս»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ալբերտ Ավետիսյանը...
Էդիկ Ավետիսյանի բուժման համար 65 հազար եվրո է անհրաժեշտ. «Բայց մենք չենք ասում էդ սաղ փողը տվեք, ինչքան կարան՝ օգնեն, ասում են՝ մենակ Գերմանիայում կարան բուժեն, գոնե ուղարկենք ընդեղ, տեսնենք՝ ինչ կլինի...»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):



























