Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դատապարտում է Սիրիայի խնդրում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ նրանց դաշնակիցների գործունեությունը միջազգային ասպարեզում: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
«Սիրիայում գնալով ավելի է աճում լարվածությունը, իսկ օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հերթական սուբյեկտիվ բանաձեւն ընդունեց»,-նշեց Թովմասյանն՝ ընդգծելով, որ դա պետք է անհանգստացնի, քանի որ սիրիացի ժողովուրդը բարեկամ է մեզ: «Սիրիայի պետությունը միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին դեռեւս Ցեղասպանության ժամանակներից եւ ապաստան է տվել հայ փախստականներին»,-ընդգծեց կոմունիստը՝ հավելելով, որ Սիրիայի խնդրում Արեւմուտքի ներկա քայլերն անընդունելի են:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Սիրիայի հարցով բանաձեւ է ընդունել, որը դատապարտում է Սիրիայի իշխանություններին: Բանաձեւին դեմ է քվեարկել 12 երկրի, այդ թվում Ռուսաստանը: Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն, ի տարբերություն Անվտանգության խորհրդի որոշումների:




























