Եթե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարություն արվեր, գազի գինը մեր երկրի առջեւ նման սրությամբ չէր դրվի: Այդ մասին մայիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նրա խոսքով, ներկայումս շատ արդիական է գազի հետ կապված խնդիրը: «Իհարկե, գազի գնի բարձրացումը լուրջ կերպով կազդի հայ բնակչության կենսամակարդակի վրա, քանի որ գազն օգտագործվում է տնտեսության շատ ճյուղերում: Ժողովուրդը գտնվում է ծանր վիճակում, եւ ինչ-որ բան անպայման կլինի հանրապետությունում»,- նկատել է Ռուբեն Թովմասյանը` ընդգծելով, որ այդ ամենը նպաստում է արտագաղթին:

«Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի բոլոր աղետները ծնվել են Եվրոպայում, այդ թվում համաշխարհային պատերազմները: Նույնը վերաբերվում է Ամերիկայի Մաիցյալ Նահանգներին: Մենք հավերժ պետք է լինենք Ռուսաստանի հետ, առանց Ռուսաստանի հայաստանի վիճակն ավելի վատ կլինի»,- ասել է Ռուբեն Թովմասյանը եւ ազդարարել, թե այսօր ոչ ոք իրավունք չունի հակառուսական հիստերիա բարձրացնել:

Թիվ մեկ կոմունիստը հիշեցրել է, որ կոմկուսը հանդես է գալիս ԵվրԱզԷս-ին անդամակցելու օգտին, քանի որ դա կլուծի բավական լուրջ խնդիրներ` սկսած պաշտպանունակության հարցից:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am