«Երեւանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն իրեն պատկանող 5994 հատ հենասյուների վրա գովազդներ տեղադրելու եւ մալուխներ անցկացնելու համար թվով 525 տնտեսվարողների հետ կնքել է ծառայություն մատուցելու պայմանագրեր, որի դիմաց պատվիրատուն պետք է վճարի ծառայության համար ամսեկան  վճար: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ:

Սակայն պայմանագրերով սահմանված ժամկետում վճարում չկատարելու համար նախատեսված օրական տույժերը «Երեւանի Էլեկտրատրանսպորտ» ընկերության կողմից չեն հաշվարկվել եւ չեն գանձվել: Ընտրանքային կարգով կատարվել է թվով 5 ընկերությունների  պայմանագրով սահմանված տույժերի գումարների հաշվարկ, որի արդյունքում   «Երեւանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն չի հաշվարկել եւ գանձել 6 մլն դրամի լրացուցիչ եկամուտ, որը ըստ կազմակերպությունների կազմել է`

«Արմինկո» ՍՊԸ – 3,490.0 հազ. դրամ

«Ռեդինենտ» ՍՊԸ – 2,010.0 հազ. դրամ

«Ֆայբերնետ քոմյունիքեյշն» ՍՊԸ – 452,8 հազ. դրամ

«Յունիքորն Գրուպ» ՓԲԸ – 50,6 հազ. դրամ

«ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ – 28,5 հազ. դրամ

Փոքր կենտոնում գտնվող թվով 307 հենասյուների վրա գովազդի տեղադրման թույլտվությունը ՓԲԸ-ն տրամադրել է 9 ընկերությունների, որոնք համարվում են միջնորդ կազմակերպություններ (իրականացնում են գովազդային գործակալության գործունեություն): Այդ կազմակերպություններից գանձվել է 1քմ.-ի համար 1500-4000 դրամ: Պարզվել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող հենասյուների վրա գովազդի տեղադրման համար սահմանված  սակագները նույն են, ինչ քաղաքի ծայրամասում գտնվող հենասյուների համար: