Իսրայելն ուղղակի օգնություն է տրամադրում ահաբեկիչներին երկու ուղղություններով: Այս մասին «Clarin» արգենտինական թերթին եւ «Telam» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նրա խոսքով՝ նախ, ապահովում է լոգիստիկ աջակցություն, ինչն արտահայտվում է Գոլանի բարձունքներում վիրավոր զինյալներին բժշկական օգնության տրամադրմամբ: Երկրորդ, նրանք ինստրուկցիաներ են տալիս զինյալներին եւ ասում, թե որ թիրախները գրոհեն: Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակել է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:
«Օրինակ, ահաբեկիչները հարձակվել են ռադիոտեղորոշիչ կայանի վրա, որը հակաօդային պաշտպանության համակարգի մի մասն է եւ հայտնաբերում է դրսից, հատկապես Իսրայելից, երկիր մտնող օդանավերը: Իսրայելը հրամայել է գրոհել այդ համակարգերը, որոնք կարեւոր զսպող գործոն են Սիրիայի եւ Իսրայելի միջեւ ցանկացած ռազմական հակամարտության ժամանակ»,-ասել է Ասադը:




























