Հայաստանում գազի գնի բարձրացման մեջ առաջին հերթին շահագրգիռ է երկրի կառավարությունը: Այդ մասին մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա իր պնդումը բացատրել է նրանով, թե որքան բարձր լինեն տարբեր ապրանքների գները, այնքան կավելանա պետական բյուջեն:

Նրա խոսքով, երբ Հայաստանը գազ էր գնում Թուրքմենստանից, երբեք գազի գների հարցը չի քննարկվել: «2000-ականներից հետո, երբ երկիրը սկսեց գազ գնել Ռուսաստանից, այդ հարցը լուրջ խնդիր դարձավ: Այսօր գների բարձրացման քաղաքականությունը բխում է կառավարության շահերից»,- ընդգծել է Անդրիաս Ղուկասյանը:

Նախագահի նախկին թեկնածուի համոզմամբ, դա լուրջ մարտահրավեր է հայ հանրությանը, քանի որ որոշակիորեն սպառնում է նաեւ ազգային անվտանգությանը: «Ժողովրդի ուժը բանակը, ազգն ու պետություններն են: Եթե այդ երեք կատեգորիաների մեջ չկա համապատասխանություն, երկիրը պաշտպանության ռեալ ուժ չունի: Այսօրվա դրությամբ հայկական պետությունն ու ազգը գտնվում են հակադիր ճամբարներում»,- ասել է Անդրիաս Ղուկասյանը` ընդծելով, որ կառավարությունը փորձում է լուծել իր խնդիրները քաղաքացիների հաշվին: «Նման անարդար իրավիճակները վերացվում են հեղափոխության միջոցով, եւ սոցիալական բախումները անխուսափելի են դառնում»,- ասել է Ղուկասյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am