Ռուսաստանի Դաղստանի հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայում, հարկադիր կատարածուների ծառայության վարչության շենքի մոտ, այսօր՝ մայիսի 20-ին, երկու ավտոմեքենա են պայթեցրել: Առաջին պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել, երկրորդ պայթյունը որոտացել է 15 րոպե անց, երբ դեպքի վայրում աշխատելիս են եղել օպերատիվ ծառայողները: Երկրորդ պայթյունի հետեւանքով կան մարդկային զոհեր, վնասվել են մոտակայքում կայանված մոտ 20 մեքենաներ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Դաղստանի վարչությունը, պայթյուններից զոհվել է առնվազն 8 մարդ: Ներկայումս դեպքի վայրում աշխատում է քննչական բրիգադը:

Միաժամանակ հանրապետության ՆԳՆ-ից հայտնում են 3 զոհի եւ 10 վիրավորի մասին: Նախնական տեղեկություններով՝ պայթուցիկ սարքերը գործի են դրվել հեռակառավարմամբ: