Պակիստանում դատարանը որոշել է գրավով ազատ արձակել երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին, ով կասկածվում է երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանությանն առնչություն ունենալու մեջ: Դատախազությունը պնդել է, որ գեներալը կարող է լքել երկիրը, սակայն դատախազության փաստարկները դատավորի համար հիմնավոր չեն եղել: Գրավի գումարը կազմել է 20 հազար դոլար:

Ռավալինդի քաղաքի դատարանի այդ որոշումից հետո Պակիստանի գերագույն դատարանը որոշել է Մուշարաֆի դատավարության օր նշանակել մայիսի 22-ը:

Մուշարաֆն այս ընթացքում կմնա տնային կալանքի տակ, գրում է Utro.ru-ն՝ վկայակոչելով DAWN-ը:

Փերվեզ Մուշարաֆը Պակիստան էր  վերադարձել մարտին՝ մասնակցելու համար խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին:

Փերվեզ Մուշարաֆը Պակիստանում իշխանության էր եկել 1999թ. զինվորական հեղաշրջման արդյունքում, իսկ 2008թ. ընդդիմության ճնշման տակ լքել էր պաշտոնը: Ներկայումս նա որպես մեղադրյալ անցնում է երեք գործերով` արտակարգ դրություն մտցնելու, նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանության եւ Բելուջիստան նահանգի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի սպանության գործերով: