Արիզոնայում գոլֆ ակումբի աշխատակիցները փրկել են դաշտագայլի ձագին, որի մռութն ու թաթերն ամբողջությամբ պատված էին կակտուսներով: Փրկարարական գործողության մանրամասները հայտնում է Huffington Post-ը:
Վիրավոր կենդանուն առաջինը նկատել է 86-ամյա Գվեն Մաքսվելը: Թոշակառու կնոջ օգնության կանչերին արձագանքել են ակումբի բանվորը եւ ակումբի կառավարիչ Շոն Բորդինը, որոնք հեռացրել են կակտուսները: Փրկարարական գործողությանն ակնդետ հետեւել է դաշտագայլի մայրը` չխառնվելով նրանց գործողություններին:
Դաշտագայլը չի դիմադրել եւ լուռ տարել է բոլոր դժվարությունները` չփորձելով նույնիսկ կծել իր փրկիչներին: Կակտուսների բոլոր փշերը հեռացնելուց հետո կենդանին վերադարձել է իր ցեղակիցների մոտ:




























