Բոլիվիայի ազգային խորհրդարանը հավանություն է տվել այն օրենքին, համաձայն որի՝ Էվո Մորալեսը 2014թ. նախագահական ընտրություններում կարող է երրորդ անգամ անընդմեջ ընտրվել նախագահ: Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Ալվարո Գարսիան, որը նախագահի ԱՄՆ այցի ընթացքում կատարում է երկրի ղեկավարի պարտականությունները:

Նա ընդգծել է, որ վերընտրվելու հնարավորությունն ամրագրված է Բոլիվիայի նոր Սահմանադրությունում, եւ ընդդիմության ուժերին կոչ է արել ենթարկվել ժողովրդի կամքին եւ զերծ մնալ տարատեսակ խարդավանքներից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, ս/թ. ապրիլի վերջին հարավամերիկյան պետության Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Էվո Մորալեսը 2014թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու իրավունք ունի:

Մորալեսը պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2006թ.-ից: 2009թ. երկրում նոր Սահմանադրություն էր ընդունվել, որը նախագահական նոր ընտրություններ էր նշանակել դեկտեմբերին: Ընտրություններում կրկին հաղթել էր Մորալեսը: Նոր հիմնական օրենքը պետության ղեկավարի միայն մեկ վերընտրություն է թույլատրում, սակայն Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ Մորալեսի նախագահական առաջին մանդատը չի հաշվվում, քանի որ այն ժամանակ Բոլիվիայում այլ հիմնական օրենք էր գործում:

Ղեկավարող «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունն արդեն առաջադրել է Էվո Մորալեսի թեկնածությունը 2014թ. կայանալիք նախագահական ընտրություններում: