ԱՄՆ-ում նոր սկանդալ է ծագել. Հետաքննությունների դաշնային բյուրոն հետեւել է Fox News հեռուստաալիքի Վաշինգթոնի բյուրոյի ղեկավար Ջեյմս Ռոզենին: Հեռուստաալիքն այդ քայլը գնահատում է որպես մամուլի ազատության դեմ ոտնձգություն, հայտարարել է Fox News-ի փոխնախագահ Մայքլ Կլեմենտեն:
Ինչպես գրում է The Washington Post-ը, ՀԴԲ գործակալները Ռոզենին հետեւել են 2010թ.` փորձելով պարզել ԿԺԴՀ-ի վերաբերյալ մամուլում գաղտնի տեղեկությունների աղբյուրին: Գործակալները վերահսկել են Ռոզենի հեռախոսազրույցները Պետքարտուղարության աշխատակից Ցզին-Ու Կիմի հետ, անգամ ծածուկ նայել էլեկտրոնային նամակները:
Fox News-ի փոխնախագահն այդ գործողությունները «պարզապես ահարկու» է անվանել, գրում է NEWSru.com-ը:
Դիվանագետ Կիմը կասկածվում էր ԿԺԴՀ-ի վերաբերյալ ծառայողական զեկույցը մամուլն հանձնելու մեջ: Ներկայումս նա գտնվում է քննության տակ: Ռոզենն իր ռեպորտաժներում վկայակոչում էր այդ զեկույցի մանրամասները:
Հիշեցնենք, որ օրերս էլ հայտնի էր դարձել, թե ԱՄՆ իշխանությունները հետեւել են Associated Press-ի աշխատակիցներին:




























