Ռուսական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների միջեւ ընդհատակյա պատերազմ է ընթանում, գրում է The Financial Times-ը: Հոդվածում ասվում է, որ այդ հակամարտությունը կրկին մամուլի էջերում է հայտնվել մայիսին, երբ Մոսկվայում ձերբակալվել էր ԿՀՎ ենթադրյալ գործակալ Ռայան Ֆոգլը: Պարզվում է, մայիսին ԱՄՆ-ի արդարադատության նախարարության եւս մեկ աշխատակից է արտաքսվել՝Թոմաս Ֆայերսթոունը:

Մայիսի 5-ին Ֆայերսթոունը Մոսկվա է ժամանել արտասահմանյան ուղեւորությունից հետո, «Շերեմետեւո» օդանավակայանում նրան ձերբակալել են, 15 ժամվա ընթացքում հարցաքննել  եւ պերսոնա նոն գրատա (մերժված անձ) հայտարարել: Թերթի աղբյուրը հայտնել է, որ պատճառը ԱԴԾ-ի հետ համագործակցությունից Ֆայերսթոունի հրաժարվելն է եղել:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Ֆայերսթոունին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանն աշխատելու էր ուղարկել, բայց հետո նա թողել էր պատծառայությունը եւ մասնավոր իրավաբանական Baker & McKenzie ընկերությունում գործի ընդունվել: Դեսպանատանն աշխատելիս Ֆայերսթոունը զբաղվում էր նաեւ Hermitage Capital հիմնադրամի նախկին իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան հետաքննությամբ, գրում է NEWSru.com-ը:

Առայժմ հայտնի չէ՝ կապված է արդյոք Ֆայերսթոունի արտաքսումը Մագնիտսկիի գործի հետ: Մեկ այլ վարկածով՝ պատճառ կարող էր դառնալ «լրտեսական սկանդալը», որը գագաթնակետին էր հասել ԿՀՎ աշխատակից Ռայան Ֆոգլի ձերբակալությունից հետո: