Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ Վանուատուի իշխանություններից Աբխազիայի անկախության ճանաչման մասին որոշումն անվավեր համարելու հաստատում է ստացել եւ նման որոշումն անվանել է ռուսական դիվանագիտության ձախողում:

 «Վանուատուի վարչապետը հաստատել է, որ  Աբխազիայի անկախության ճանաչման մասին որոշումն անվավեր է  ճանաչվել եւ որ իրենք ընդունում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Սա առաջին նախադեպն է, երբ Ռուսաստանը ձախողվում է դիվանագիտական ճակատում: Սա շատ զգալի պարտություն է, եւ վստահ եմ՝ վերջինը չէ», - Թաիլանդ կատարած այցի ընթացքում հայտարարել է Սահակաշվիլին, որտեղ հանդիպել է Վանուատուի վարչապետի հետ, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:  «Կգա ժամանակ, երբ Ռուսաստանը հետ կկանգնի այդ ճանաչումից, վստահ եմ», - հայտարարել է Սահակաշվիլին, գրում է Civil Georgia-ն:

Հիշեցնենք, որ Վանուատու կղզի-պետության կողմից Աբխազիայի անկախության ճանաչման լուրը տարածվել էր 2011թ. մայիսին: Այդ լուրը մի քանի անգամ հերքվել եւ հաստատվել էր: ՄԱԿ-ում Վանուատուի դեսպան Դոնալդ Կալպոկասը հերքել էր այդ տեղեկությունը, հետո Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ ճանաչում, այնուամենայնիվ, եղել է, թեեւ վերացվել է Վանուատուի նոր իշխանությունների կողմից: Աբխազիայում էլ պնդում են, որ Վանուատուի  որոշումը անվավեր չի հայտարարվել: