Ռուսաստանը մտադիր է այսուհետ եւս սատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այս մասին ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդիրը: Մենք միջազգային երեք հիմնական միջնորդներից ենք եւ մտադիր ենք այսուհետ եւս սատարել կողմերի համար փոխադարձ ընդունելի լուծումներ որոնելուն՝ Բաքվի եւ Երեւանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակում, ինչպես նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- ասել է Լավրովը, գրում է «Գոլոս Ռոսիի»-ն:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջխաղացում է ակնկալում տարեվերջին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: «Կարծում եմ, հենց ընտրություններն ավարտենք, իսկ Հայաստանում դրանք արդեն ավարտվել են, հարկ կլինի կրկնապատկել, եռապատկել մեր ջանքերը, որպեսզի առաջխաղացում լինի այս բարդ, բայց լուծելի հակամարտությունում», - ասել է Մամեդյարովը:



























