Հայաստանի խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումներն ընթանում են նույնկերպ, ինչպես Ֆրանսիայում կամ Գերմանիայում: Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Որեւէ տարբերություն չկա, նույն քննադատություններն են՝ ոչինչ չի արվել, ե՞րբ եք պատասխան տալու… Ուրախալի է, որ դասական պառլամենտարիզմի, դասական քաղաքական պայքարի որոշակի փուլ ենք մտել… բայց նորանկախ Հայաստանն իր ամենամեծ ձեռքբերումներն ունեցել է այն ժամանակահատվածում, երբ այս դասական պայքարը չկար, երբ դասական կուսակցություներ չկային, երբ բոլորը միասին էին, երբ հարցը վերաբերում էր Արցախի գոյամարտին»,- ասաց Հ. Թովմասյանը:
Նա նաեւ հայտարարեց, որ կոռուպցիան մեր երկրի թիվ մեկ թշնամին է, սակայն դրա հաղթահարումը բոլորիս խնդիրն է՝ եւ իշխանությունների, եւ ընդդիմության, եւ հասարակության: Հ. Թովմասյանն ասաց, որ որոշ ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարում ձեռք են բերվել հաջողություններ, օրինակ՝ իրավաբանական անձանց ռեգիստրում թեկուզ 1 դրամ կաշառք չեն վերցնում, նույնը վարորդական վկայականների տրամադրման գործընթացում:




























